Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մենք նույնիսկ մեր «վիշապին» ընտրելու հնարավորություն չունենք»

«Մենք նույնիսկ մեր «վիշապին»  ընտրելու հնարավորություն չունենք»
19.05.2015 | 10:38

Ռուս դասական գրող Եվգենի Շվարցի (1944 թ.) «Վիշապ» երեք գործողությամբ հեքիաթ-պամֆլետը համարվում է խորհրդային դրամատիկական երգիծանքի ամենախոր և ինքնատիպ երկերից մեկը։ «Վիշապի» հերոսներին Շվարցը ընկերների խորհրդով կոչել է գերմանական անուններով`փորձելով ազատվել խորհրդային գրաքննությունից ու հետապնդումներից:
Համազգային պետական թատրոնում օրերս ներկայացվեց ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ բեմադրած «Վիշապը» քաղաքական սատիրան (ըստ Եվգենի Շվարցի): Բեմում կարծես մեր իրականությունն է, այսօրը, այս պահը: Ռեժիսորն ասում է, որ առանձնապես չի հեռացել պիեսից, պարզապես կրճատումներ է արել` հեքիաթային ալեգորիաներից հեռանալու համար: Աղջնակի` վիշապին ուղղված ողջույնի խոսքում ավելացվել է Նաիրի Զարյանի բանաստեղծությունը` նվիրված Ստալինին:

Ամենակարևորը, ի տարբերություն պիեսի, ներկայացման մեջ վիշապին հաղթող Լանցելոտը հեռանում է: «Որովհետև հայ իրականության մեջ հերոս հասկացությունը սև-սպիտակի մեջ է, միջին երանգ չկա,- պարզաբանում է Կարեն Խաչատրյանը:- Մեր հերոսը Փոքր Մհերի պես կա՛մ նեղանում ու փակվում է, կամ Անդրանիկի և այլոց պես նեղանում ու հեռանում, կամ նահատակվում է: Իմ հերոսը` Լանցելոտը, հեռանում է, որովհետև «հեռանալու» թեման այսօր ամենացավոտն է: Բայց հեռանալիս գլխարկը դնում է Փիսոյի գլխին` իրենից մի հետք, հույս թողնելով: Փոքրիկ աղջիկն ընդվզում է քաղաքացիների` ավագների դեմ: Ինչպես այսօր ընդվզում է երիտասարդությունը: Նոր սերունդն ազատ է իր զգացական կուլտուրայով, ներքին ընդվզումներով ու ձգտումներով»: Ներկայացման ընթացքում շեշտադրվում է հերոսուհու` Էլզայի հոր` Շառլեմանի համոզմունքը. «Վիշապից ազատվելու միակ միջոցը սեփական վիշապ ունենալն է»: Շառլեմանը վստահ է նաև. «Քանի վիշապը այստեղ է, ուրիշ ոչ մի վիշապ չի համարձակվի մեզ նույնիսկ մատով դիպչել»:
Հարց է ծագում` ներսի՞, թե՞ դրսի վիշապն է ավելի վտանգավոր: Ռեժիսորի համոզմամբ` ներսինը, որովհետև քեզ դարձնում է ստրուկ, գործիք, իսկ եթե դրսում կա վիշապ ու դու ազատ մարդ ես, կմարտնչես նրա դեմ, չես համակերպվի. «Խորհրդային ռեժիմը մարդկանց մեջ լավ արմատավորել է այդ վիշապին: Հասկանալի է` կային կոլխոզ, սովխոզ, գնդակահարություններ, պատերազմ, սով, արհեստական սով և այլն: Մենք 90-ականների պատերազմական, մութ ու ցուրտ տարիները հերոսաբար էինք տանում, որովհետև դա մեր ընտրությունն էր: Հիմա մենք ընտրության հնարավորություն չունենք, դա է դժբախտությունը: Նույնիսկ մեր վիշապին ընտրելու հնարավորություն չունենք»:


Ներկայացումն աչքի է ընկնում ռեժիսորական ինքնատիպ մտահղացումներով, համարձակությամբ: Կարեն Խաչատրյանը նշում է, որ ինքնանպատակ չէ համարձակությունը. «Եթե թատրոնում չկա անկեղծ երկխոսություն հանդիսատեսի հետ, այդ թատրոնը մեռած է: ՈՒրախ եմ, որ այդ երկխոսությունը ստացվել է»:
Քաղաքական սատիրայի ժանրը թատերական ներկայացումներում հազվադեպ է հանդիպում, ավելի շատ կոմերցիոն ներկայացումներին է հատուկ: Ի վերջո, մեր մեջ ապրող «վիշապի» մասին սուր քննադատություններ ամենուր ենք լսում` փողոցում, աշխատանքի վայրում, տանը, հեռուստահաղորդումներում, սոցցանցերում, հումորային ծրագրերում և այլն: Բայց Համազգային թատրոնի «Վիշապն» ազդեցիկ էր, որովհետև ամեն բան արվել էր արվեստով: Աչքի էր զարնում նաև դերասանների խաղը: Զրուցակցիս խոսքով` ռեժիսուրական ներկայացման մեջ դերասանների խաղը տուժում է, ինքն ամեն ինչ արել է, որ դերասանների խաղը լինի ցայտուն, հագեցած, գեղարվեստով, լինի վարպետի աշխատանք` կատարողական իմաստով:
Հաջորդիվ «Վիշապը» հանդիսատեսին կներկայացվի հունիսի 14-ին։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ